Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ դատարանի առջեւ կկանգնի ցեղասպանություն իրագործելու մեջ մեղադրվողը: Խոսքը 54-ամյա ռուանդացի տղամարդու մասին է, ով ներկայումս Շվեդիայի քաղաքացի է: Նա կասկածվում է 1994 թվականին Ռուանդայում զանգվածային սպանություններին, մասնավորապես, Արեւմտյան Ռուանդայում թութսի ցեղի մի քանի հազար ներկայացուցիչների սպանությանն առնչություն ունենալու մեջ:
Շվեդիայի ռադիոն հաղորդել է, որ տղամարդը որոշ ժամանակ գտնվել է միջազգային հետախուզման մեջ, նրան ձերբակալել են նախորդ տարվա դեկտեմբերին: Գործի քննությունն սկսվել է այս տարվա ապրիլին, երբ Ռուանդայի իշխանությունները պահանջել են իրենց հանձնել կասկածյալին, սակայն գործընթացը ֆորմալ առումով անհնար է եղել, քանի որ կասկածյալը Շվեդիայի քաղաքացի է:
Շուրջ 5 հազար էջից կազմված գործի նյութերի կեսը վկաների ցուցմունքներն են, որոնք վերցվել են Ռուանդայում՝ տեղի բնակիչներից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Դատախազ Մագնուս Էլվինգն այս դատաքննությունը առանձնահատուկ է անվանել: «Դատական գործընթացը առանձնահատուկ է նրանով, որ դրա նիստերից որոշները տեղի կունենան Ռուանդայում, որտեղ առանձին վկաներ իրենց ցուցմունքները կտան շվեդական դատարանին»,-ասել է դատախազը:
Նշենք, որ Ռուանդայում զանգվածային սպանությունների զոհ է դարձել շուրջ 800 հազար մարդ:





























