Հայաստանի բնապահպանության նախարարն արտագնա քննարկում է անցկացրել՝ Խոսրովի արգելոցի խնդիրներին նվիրված: Այսօր՝ նոյեմբերի 5-ին, արգելոցում կայացած քննարկմանը մասնակցել են բնապահպանական իրավունքի, օրինտոլոգիայի եւ կենսական բազմազանության մասնագետներ: Սեփական նախաձեռնությամբ քննարկմանը ցանկացել է մասնակցել երիտասարդ ակտիվիստների խումբը:
Արգելոցի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Թամազյանը հայտարարել է, որ տարածքի մոնիթորինգի համար վերջին շրջանում ձեռք են բերվել GPS լոկատորներ, նորացվել է նյութատեխնիկական բազան: «Առաջարկում ենք պարզություն մտցնել հարեւան բնակավայրերի՝ Ուրցաձորի եւ Գիլանի բնակիչների՝ արգելոցի տարածքով անցնելու հարցում»,-հայտարարել է նա, հավելելով, որ տարբերակներից մեկը կարող է լինել հստակ ժամերի նման թույլտվություն տալը՝ անվանական անցագրերով, որտեղ կլինեն մեքենայի համարանիշները: Որպես տարբերակ առաջարկվել է նաեւ էլեկտրոնային անցագրերի կիրառումը:
Մասնագետների մեծ մասը դեմ է հանդես եկել արգելոցը որսորդության համար բացելուն: մասնավորապես օրնիտոլոգ Մամիկոն Ղասաբյանը հիշեցրել է, որ խորհրդային ժամանակներում այդ նպատակի համար գոյություն ունեին որսորդական տնտեսություններ, որտեղ կենդանիների որսը կատարվում էր հաստատված քանակությամբ եւ կազմակերպված:
«Այդպիսի տարածքներ հիմա էլ կան բավարար քանակով եւ դրա համար Խոսրովի արգելոցում նոր տարածքներ հատկացնելը ճիշտ չէ: Արգելոցի տարածքում կա վայրի կենդանիների 22 տեսակ, կան թիթեռների որոշ տեսակներ, որոնք կան միայն այստեղ»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է էկոտուրիզմին, այս հարցում եւս քննարկման մեծամասնությունն առաջարկում է այն կազմակերպել ազգային պարկերում, այլ ոչ՝ արգելոցում, որի կարգավիճակն այլ է: «Օրինակ Ելոուսթոունում հատուկ երթուղիներ կան տուրիստների համար: Բայց կան նաեւ տարածքներ, որոնք ամբողջությամբ փակ են մարդկանց, նույնիսկ գիտնականների համար: Պետք է տարբերել ազգային պարկ եւ արգելոց հասկացությունները»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ղասաբյանը:
Իր հերթին, նախարարը հիշեցրել է, որ արգելոցի գործող կանոնադրությամբ, այնտեղ կարող են մուտք գործել միայն գիտնականներն ու էկոտուրիստները: «Եթե դուք առաջարկում եք արգելել էկոտուրիստների մուտքն այդ տարածք, մենք պատրաստ ենք քննարկել ձեր առաջարկը»,-ասել է նա:





























