Հայաստանի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին քննարկվել է «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված` մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցը:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատգամավորներին ներկայացրել է այս ոլորտում ֆինանսական հոսքերը: Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կառավարություն ներկայացրած հայտով խնդրել է 2013 թ. բյուջեից միջոցներ հատկացնել 4 լրացուցիչ հաստիքների համար. ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման համար ծրագրված ու վերջինիս կողմից պահանջվող միջոցների տարբերությունը կազմում է մոտ 12 մլն դրամ:
ՄԻՊ աշխատակազմում նախատեսվող 4 նոր հաստիքների եւ լրացուցիչ ֆինանսավորման հարցը պարզաբանել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա նշել է, որ յուրաքանչյուր տարի ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսվող միջոցներն ավելանում են միջինը 10 մլն դրամով, այս տարի իրենք կառավարությունից խնդրում են 2013 թ. բյուջեով նախատեսել 176 մլն դրամ:
Պատգամավորները հարցերի միջոցով հիմնավորումներ ստանալուց հետո կարծիք են հայտնել, որ ՄԻՊ գրասենյակի կողմից կառավարությանը ներկայացված հաստիքները բավարարման ենթակա են, եւ կարիք կա, որ վերջինս նախատեսի դրանք 2013 թ. պետական բյուջեում:




























