Պետությունը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին է վերադարձրել 80 մլն լարի (շուրջ 48 մլն դոլար) գումարը, որն այս տարվա հուլիսին նրանից գանձվել էր որպես տուգանք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողներին հայտնել է տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Նարմանիան:
Իվանիշվիլիին տուգանել էր Աուդիտի պետական ծառայությունը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ իր բիզնես-ակտիվների անօրինական օգտագործման համար: Իվանիշվիլին համաձայնել էր վճարել այդ գումարը, պայմանով, եթե այն ուղղվի հուլիսի 19-ին Կախեթիի աղետից տուժածների օգնությանը:
«Այդ միջոցները չեն ուղղվել աղետից տուժածներին աջակցելուն, ու քանի որ նա անօրինականորեն էր տուգանվել, տուգանքի գումարը վերադարձրել են նրան»,-ասել է Նարմանիան, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Իվանիշվիլիի դեմ ուղղված Աուդիտի պետական ծառայության գործը վերաբերել է երկու դրվագների: Խոսքը Global Сonsulting Group ընկերության կողմից բնակչության համար արբանյակային ալեհավաքների տեղադրման, ինչպես նաեւ «Վրացական երազանք» կոալիցիայի մեքենաները արտոնյալ պայմաններով սպասարկելու մասին է:
Թբիլիսիի դատարանը հունիսի 11-ին որոշել է տուգանել Իվանիշվիլիին առաջին դրվագով 1265 մլն լարի (շուրջ 77,5 մլն դոլար), իսկ երկրորդ դրվագով՝ 22,4 մլն լարի (շուրջ 13,6 մլն դոլար): Ավելի ուշ վերաքննիչ դատարանը կրկնակի չափով կրճատել էր տուգանքի չափը:




























