Նախաքննության ավարտին ոստիկանությունը Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով կողմերին տրամադրել է գործի նյութերը: «Փաստիֆո»-ի փոխանցմամբ, գործի նյութերին ծանոթանալու ժամկետների մասին նախաքննական մարմինը որոշում կկայացնի փաստաբանների համապատասխան առաջարկների հիման վրա:

11 ամիս տեւած նախաքննության արդյունքում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի մեղադրանքի ծավալի մեջ փոփոխություն է կատարվել՝ մեղադրանքի ակնհայտ մեղմացմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել միայն սպանության պատվեր տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանություն:

Մեղադրյալն ավելի վաղ մեղադրվում էր նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին, 6-րդ, 7-րդ կետերով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանություն:

Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Սեբաստիա փողոցում. արձակված կրակահերթից մահացել էր նաեւ պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել եւ ոստիկանություն բերման էր ենթարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին` 1978թ. ծնված Ստեփան Հակոբյանը: 2006 թվականից հետախուզվող Ս. Հակոբյանին Կիեւյան կամրջի վրա ձերբակալել էին այն ժամանակ, երբ նա վարելիս էր եղել հոր` Սիմոն Հակոբյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Նա կալանավորվել է 2011թ. դեկտեմբերին: