Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային (James Appathurai):

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները, այդ առումով կարեւորելով նաեւ ամեն տարի Հայաստանում ավանդաբար անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը, Հայաստանի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին:

Արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: