Հայ ազգային կոնգրեսը, լինելով ռացիոնալ ուժ, գիտակցում է, որ ում էլ առաջադրեն նախագահական ընտրություններում, հազիվ թե նա իրական մրցակից լինի գործող նախագահի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Նրա կարծիքով` ՀԱԿ-ի համար ոչ միայն թեկնածության հետ կապված խնդիր կա, այն նաեւ թե ում կպաշտպանեն, եթե սեփական թեկնածու չունենան:

Մյուս ասպեկտը կապված է ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ փոխգործակցության հետ. «Առաջին հերթին, ԲՀԿ-ն պետք է որոշի` ինչպես է մասնակցելու նախագահական ընտրություններին. առաջադրելո՞ւ է սեփական թեկնածու, թե՞ պաշտպանելու է ուրիշ թեկնածուի: ԲՀԿ-ում դեռ չեն կողմնորոշվել այդ հարցում:  Եթե դա լինելու է  սեփական թեկնածուն, ապա ո՞ր քաղաքական ուժի հետ է կուսակցությունը կոալիցիա կազմելու: Եթե դա լինելու է ՀԱԿ-ը, ապա միանշանակ պարզ է,  որ ԲՀԿ-ն կդառնա ընդդիմություն,  եւ բոլոր խոսակցություններն այն մասին, թե նրանք այլընտրանքային կառուցողական ուժ են, զրոյի կհավասարվեն»:

Մարկարովը նաեւ նշեց, որ եթե ԲՀԿ-ն աջակցի իշխանության թեկնածուին, ապա մյուս ուժերի ջանքերն անիմաստ կլինեն լոյալ մրցակցության տեսակետից, թեեւ տվյալ դեպքում պետք է  հաշվի առնել օլիմպիական սկզբունքը` կարեւոր է մասնակցությունը, ոչ թե` հաղթանակը: