Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին կկանչեն հարցաքննության նոյեմբերի 9-ին, Բորդոյում, որտեղ ցուցմունք կտա, այսպես կոչված, «Բետանկուրի գործով»: Խոսքը Սարկոզիի 2007 թվականի քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մասին է:
Ինչպես հաղորդում է Europe-1 ռադիոկայանը, նախկին նախագահը պետք է հստակեցնի, թե 2007-ին կայացած ընտրություններում Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորման հարցում ինչ դեր է ունեցել L’Oreal օծանելիքի կայսրության սեփականատիրուհի Լիլիան Բետանկուրը՝ Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկը:
Բետանկուր դե Մեստրայի գործերի նախկին կառավարչի նախկին օգնական Կլեր Տիբուն հայտարարել է, որ 2007-ի սկզբին կառավարիչն իրենից 150 հազար եվրո կանխիկ գումար է պահանջել՝ Էրիկ Վերտին վճարելու համար, ով այդ ժամանակ Սարկոզիի քարոզարշավի գանձապահն էր, ապա նախարար նշանակվեց:
Սարկոզին, մասնավորապես, պետք է արդարադատությանը պատասխան տա քարոզարշավի ժամանակ Բետանկուրին այցելելու վերաբերյալ: Նա Բետանկուրին այցելել էր ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում:
Սարկոզիի պաշտպանները, ովքեր դատարանին են ներկայացրել Սարկոզիի այցելությունների պատճենը, պնդում են, որ այդ ընթացքում Սարկոզին չէր կարող որեւէ գաղտնի այցելություն կատարել:
Հուլիսին Սարկոզիի տանը խուզարկություն է կատարվել: Գործով արդեն ցուցմունքներ են տվել նախկին նախագահի մոտ զինակիցները, այդ թվում Ելիսեյան պալատի նախկին գլխավոր քարտուղար Քսավյե Մյուսկան, նախկին նախագահի խորհրդականները, ինչպես նաեւ Էրիկ Վերտն ու Պատրիս դե Մեստրը:
Նախագահական լիազորությունների ժամանակահատվածում քննիչները իրավունք չունեին հարցաքննել երկրի նախագահին, սակայն նախագահի մանդատը դնելուց հետո մեկ ամիս անց, ֆրանսիական օրենսդրության համաձայն, Սարկոզին զրկվել է անձեռնմխելիությունից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























