Ռուսաստանի Տուապսե քաղաքում սկանդալ է հասունանում. ՆԳ տեղի վարչության եւ պետական ավտոտեսչության ղեկավարներն իրենց ենթակաների հետ միասին քաղաքի փողոցներից մեկում ծեծկռտուք ու հրաձգություն են կազմակերպել:

Life News-ի տվյալներով, ծեծկռտուքը տեղի է ունեցել ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Միխայիլ Սմիրնովի եւ նրա տեղակալի վարորդ Արմեն Գեւորգյանի միջեւ: Վերջինս տրավմատիկ ատրճանակից հրազենային վնասվածք է ստացել փորին եւ դիմել հիվանդանոց:

Սմիրնովին դա բոլորովին դուր չի եկել եւ նա հրամայել է «պատժել» իր տեղակալ Տիգրան Ազարյանին, ում վարորդը դիմել է բժիշկներին: Արդյունքում Տիգրան Ազարյանը եւս բազմաթիվ վնասվածքներով հայտնվել է հիվանդնաոցում: Բժիշկները վիրահատել են Արմեն Գեւորգյանին եւ մարմնից հանել գնդակը: Վիրավորների կյանքին այժմ վտանգ չի սպառնում:

«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, կոնֆլիկտին մասնակցել է 7 մարդ, որոնցից 6-ը՝ ոստիկաններ:

Կոնֆլիկտը ծագել է երբ դրա մասնակիցները՝ Տուապսեի ՆԳՎ եւ պետական ավտոտեսչության ղեկավարները, ինչպես նաեւ ՆԳՎ 3 օպերլիազորներ, «միասին ժամանակ են անցկացրել», հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը:

Միջադեպի առթիվ ստուգում է իրականացվում: Ռուսաստանի ՆԳՆ Տուապսեի շրջանի ոստիկանապետ Միխայիլ Սմիրնովը ազատվել է պաշտոնից: Ստուգման արդյունքում, հնարավոր է, ծեծկռտուքի մասնակիցներին եւս հեռացնեն իրավապահ մարմիններից: