Ուկրաինական ոստիկանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկները փորձել են հանել Ուկրաինայի ԿԸՀ-ի շենքի մոտ ընդդիմության տեղադրած վրանները: Այդ մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»` վկայակոչելով «Փոփոխությունների ճակատ» կուսակցության մամուլի ծառայությանը:
Հրապարակում ներկա ընդդիմության պատգամավորներին եւ քաղաքացիներին հաջողվել է կանգնեցնել վրանների ապամոնտաժումը: Նեկայումս ԿԸՀ-ի հրապարակում մի քանի հարյուր քաղաքացիներ են մնում:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուկրաինական կուսակցությունների կողմնակիցներն նոյեմբերի 5-ից սկսել էին շրջապատել ԿԸՀ-ն: Նրանք պնդում են, որ Գերագույն ռադայի ընտրությունները կեղծվել են եւ ԿԸՀ-ից պահանջում են վերանայել մեծամասնական 13 ընտրատարածքների արդյունքները:
«Մենք բոլոր միջոցները կգործադրենք, որպեսզի ընտրություններն արդար լինեն: Եթե պետք լինի, դրա համար ցած կդնենք մանդատները», - հավաքվածների առաջ հայտարարել է «ՀԱՐՎԱԾ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:
Նոյեմբերի 5-ի երեկոյան հայտնի է դարձել, որ ԿԸՀ-ն որոշել է վիճահարույց 5 ընտրատարածքներում վերընտրություններ անցկացնել: Ինչպես հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը, ընդդիմությունը դժգոհ է այդ որոշումից, քանի որ 13 տարածքների արդյունքների վերանայում էր պահանջել: Այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ 5 տեղամասերի որոշումը նշանակում է, որ ընդդիմությունն իշխանության ներկայացուցիչներին խանգարել է զավթել հաղթանակը:
Ըստ ԿԸՀ-ի` Ռադայի ընտրություննեում «Ռեգիոնների կուսակցությունն» ունի 187 մանդատ, միացյալ ընդդիմություն «Բատկիվշչինան»` 103 մանդատ, «ՀԱՐՎԱԾ»-ը` 40, Կոմկուսը` 32, «Ազատությունը»` 37, «Միասնական կենտրոնը»` 3, Ժողովրդական կուսակցությունը`2, Արմատական կուսակցությունը եւ «Միությունը»` մեկական:




























