Այն բանից հետո, երբ Ուզբեկստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ եւ ձեռնամուխ եղավ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, Ռուսաստանն սկսեց մտերմանալ նրա մոտ հարեւանների հետ: Բարեկամությունը միլիարդ դոլարից ավելի է գնահատվում, ինչը կծառայի ղրղըզական եւ տաջիկական բանակների արդիականացմանը:

Մոսկվան Բիշքեկին 1,1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է խոստացել, գրում է «Կոմերսանտը»: Խոսք է գնում նաեւ ղրղըզ զինվորականներին ռուսական բուհերում պատրաստելու մասին: Որոշ տվյալներով՝ ռուսական զենքի առաջին խմբաքանակը  Ղրղըզստան կուղարկվի արդեն եկող ամառ:

Տաջիկստանի պարագայում ռազմական օգնության ծավալն ավելի համեստ է՝ 200 մլն դոլար: Գումարը կտրամադրվի ՀՕՊ-ի արդիականացմանը եւ ռազմական տեխնիկայի վերանորոգմանը: Նաեւ պայմանավորվածություն կա Դուշանբեին արտոնյալ պայմաններով նավթամթերք մատակարարելու մասին: ՌԴ-ն մտադիր է նաեւ ներդրում կատարել տաջիկական ՀԷԿ-ում: Տաջիկստանին տնտեսական բարօրություն է խոստանում նաեւ Մաքսային միությունում ընդգրկվելու հրավերը, որտեղ արդեն գրկաբաց սպասում են Ղրղըզստանին:

Այն մասին, որ Մոսկվայի ռազմական դիրքերը խորհրդային նախկին երկրներում թուլանում են, խոսում էին դեռ տարեսկզբից, երբ Ադրբեջանում Գաբալայի կայանը կորցնելու սպառնալիք կար: Հաջորդիվ հարվածի տակ հայտնվեց Դուշանբեի մերձակա 201-րդ կայանը: Հետո Ուզբեկստանը հերթական անգամ լքեց ՀԱՊԿ-ը:

Հետո հայտնի դարձավ, որ Ուզբեկստանում կարող է ամերիկյան ռազմակայան ստեղծվել: Այդ ամենը  վկայում են տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու Վաշինգթոնի ցանկության մասին:

Կարո՞ղ է Մոսկվան սպառազինությամբ եւ տնտեսական զիջումներով իր կողմը գրավել դեռ տատանվող Տաջիկստանին եւ Ղրղըզստանին, առայժմ հստակ չէ: