ԱՄՆ-ում պաշտոնապես մեկնարկել են նախագահական ընտրությունները. ավանդույթի համաձայն՝ առաջինը քվեարկել են Նյու Հեմփշիր նահանգի երկու բնակավայրերի՝ Դիքսվիլ Նոթչ եւ Հարթս Լոքեյշն գյուղակների բնակիչները:

Այս բնակավայրերում ընտրատեղամասերը, բազմամյա ավանդույթի համաձայն, բացվել են տեղական ժամանակով կեսգիշերից անմիջապես հետո եւ գրեթե անմիջապես էլ փակվել: Դիքսվիլ Նոթչում արդյունքներն արագ են ամփոփել. Օբաման եւ Ռոմնին հավասար ձայներ են հավաքել, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Հիմնական ուշադրությունը սեւեռված է տատանվող նահանգների, ամենից առաջ՝ Օհայոյի, Վիրջինիայի, Ֆլորիդայի, Հյուսիսային Կարոլինայի եւ մի շարք այլ նահանգների վրա:

Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, ԱՄՆ-ում լռության օր չկա, փոխարենը լայն քարոզչություն է իրականացվում:

Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ին: 25 միլիոնից ավելի ամերիկացիներ արդեն վաղաժամկետ քվեարկել են, բայց նրանց ձայները մնացածի հետ կհաշվարկվեն նոյեմբերի 6-ին:

Չիկագոյի բարերից մեկում ընտրողները արդյունքների ամփոփումից առաջ «կտաքանան» անանուխով «Ռոմնի» եւ մեղրով «Օբամա» կոկտեյլներով: