Ռուսաստանի ՆԳՆ-ի Կրասնոդարի երկրամասի վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Վինեւսկին հեռացվել է իրավապահ մարմիններից բացասական դրդապատճառներով (ՆԳՄ-ի աշխատակցի պատիվը վարկաբեկող արարքի կապակցությամբ), հեռացվել են նաեւ շրջանային ոստիկանության բաժնի պետ Միխայիլ Սմիրնովը, չորս այլ աշխատակիցներ:
Տվյալ աշխատակիցների երաշխավորները խիստ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել: Պատասխանատվության են ենթարկվել նաեւ Ռուսաստանի ՆԳՆ-ի ՔՎ շրջանային ստորաբաժանման ղեկավարը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ՆԳ տեղի վարչության եւ պետական ավտոտեսչության ղեկավարներն իրենց ենթակաների հետ միասին քաղաքի փողոցներից մեկում ծեծկռտուք ու հրաձգություն են կազմակերպել: Ծեծկռտուքը տեղի է ունեցել ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Միխայիլ Սմիրնովի եւ նրա տեղակալի վարորդ Արմեն Գեւորգյանի միջեւ: Վերջինս տրավմատիկ ատրճանակից հրազենային վնասվածք է ստացել փորին եւ դիմել հիվանդանոց:
Բժիշկները վիրահատել են Արմեն Գեւորգյանին եւ մարմնից հանել գնդակը: Վիրավորի կյանքին այժմ վտանգ չի սպառնում: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ընդհարմանը մասնակցել է 7 մարդ, որոնցից 6-ը՝ ոստիկաններ:
Կոնֆլիկտը ծագել է երբ դրա մասնակիցները՝ Տուապսեի ՆԳՎ եւ պետավտոտեսչության ղեկավարները, ինչպես նաեւ ՆԳՎ 3 օպերլիազորներ, «միասին ժամանակ են անցկացրել»:





























