Սլովենիայում ուժեղ անձրեւների պատճառով հեղեղվել են երկրի միանգամից մի քանի շրջաններ: Ինչպես հայտնել է սլովենական STA գործակալությունը, հատկապես տուժել են երկրի հյուսիսային եւ արեւմտյան հատվածները:
Ինչպես հաղորդում է «ԱեւՖ»-ն, ջրհեղեղի պատճառ է դարձել նաեւ Ավստրիայում ամբարտակի ջրի բաց թողումը: Շարունակական տեղատարափ անձրեւների հետեւանքով բացվել են Դրավա գետի ջրարգելակները:
Բացի այդ, անձրեւների հետեւանքով բարձրացել է Սավա, Սոչի եւ Սավինյա գետերի մակարդակը, ինչի հետեւանքով մի շարք ափամերձ բնակավայրեր ջրի տակ են անցել, հաղորդում է Novostimira.com-ը:
Օրինակ, երկրի կենտրոնում գտնվող Վելենե քաղաքում Պակա գետը ջրի տակ է թողել 400 տուն: Ջրհեղեղի պատճառով մի քանի հազար տներ մնացել են առանց էլեկտրամատակարարման, բնակավայրերը մեկուսացված վիճակում են հայտնվել հեղեղված ճանապարհների պատճառով, իսկ մի շարք դպրոցներ հետաձգել են դասերը: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:





























