Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում նոյեմբերի 7-ին նախատեսված է ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը: Այն կանցկացվի Այգեպար (Հայաստանի Տավուշի մարզ) եւ Այլիբեյլի (Ադրբեջանի Թովուզի շրջան) գյուղերի ուղղությամբ:
Հայկական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը եւ Խրիստո Խրիստովը: Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Փիթեր Քին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն:
Սակայն ուշագրավն այն է, թե սա ինչպես է ձեւակերպված ադրբեջանական մամուլում:
«Զորքերի շփման գծի հակադիր կողմում, որը միջազգային մակարդակով Ադրբեջանի տարածք է ճանաչվել», - հայտարարում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այդկերպ, Հայաստանի Տավուշի մարզը, որը երբեւէ ոչ միայն ադրբեջանական, այլեւ վիճելի տարածք չի եղել, «ներկայացվում է» որպես «միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի տարածք»:
Սա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Կամ Ադրբեջան պաշտպանության նախարարության փայլուն ուղեղները մոռացել են «չափավոր ստելու» մասին իմաստուն խորհուրդը, կամ սա հակահայկական քարոզչության տարր է՝ ուղղված այն բանին, որ ապագայում հայտարարեն Տավուշի մարզի ադրբեջանական պատկանելության մասին:





























