Զբոսաշրջության աջակցման նպատակով ՀՀ պետական բյուջեից 2013 թ. կհատկացվի 50 մլն դրամ՝ նույնչափ, որքան 2012 թ.: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային Ժողովում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Մեծ գումարներ չեն, բայց ոլորտը նորմալ աճում է՝ տարեկան 10-12%, որն ավելի բարձր է, քան տնտեսական միջին աճը»,- ասաց Տ. Դավթյանը՝ ի պատասխան պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարության, թե «այդ կոպեկներով ոչինչ էլ չես անի»: Էկոնոմիկայի ներկայիս նախարարը նաեւ հերքեց նմախկին վարչապետ Հ. Բագրատյանի այն դիտողությունը, թե զբոսաշրջիկների թիվը նվազում է:

Նշենք, որ զբոսաշրջությանն ուղղված բյուջետային միջոցները ծախսվելու են հետեւյալ ուղղություններով.

1. «Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական համակարգի կատարելագործում» - 23.6 մլն դրամ,

2. «Ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում» - 9.0 մլն դրամ,

3. «Զբոսաշրջային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ»  - 12.9 մլն դրամ,

4. «Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում» - 4.5 մլն դրամ: