Ստավրոպոլի երկրամասում Ռուսաստանի Քննչական կոմիտեն ստուգումներ է իրականացնում Պյատիգորսկի քաղաքային վարչակազմի  ներկայացուցչի կողմից անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների փաստով: Տղամարդուն «գործի վրա» բռնել են «ԿՄՎ. Ստրանա Պեդոֆիլյանդիա» կազմակերպության ակտիվիստները:

32-ամյա աշխատակցին բռնացրել են աղջկա հետ հանդիպման ժամանակ: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տարածած տեսագրությունում Ժենյա Իկրյանովը հայտարարում է, որ ոչ մի աղջիկ չի եղել, ինքը պարզապես անտառում զբոսնելու է գնացել:

Ակտիվիստներն էլ ենթադրյալ մանկապիղծին թղթերի վրա ցույց են տալիս աղջկա հետ նրա խոսակցությունների գրառումները: Նամակագրությունից հայտնի է դառնում, որ աղջիկն ինքն է տղամարդուն հանդիպման դրդել՝ խոստանալով «հաճելի, գաղտնի եւ առանց պարտականությունների ժամանց»: Նա նաեւ խոստովանել է, որ 12 տարեկան է. «Վայ, դա արդեն հոդված է, բայց եթե ուզում ես, կարող ենք փորձել», - գայթակղությանը չի դիմացել պաշտոնյան:

Իկրյանովը հանդիպել է աղջկա հետ՝ ծանոթանալու եւ ինտիմ կապի նախապատրաստելու համար, իսկ հանդիպումից հետո գրել է. «Այժմ ինձ արդեն ճանաչում ես, պատրաստվիր նրան, ինչ ուզում ես ստանալ»: Տղամարդն աղջկան առաջարկել է կրկին հանդիպել եւ մանրամասն պատմել է իր սեռական նախասիրությունների մասին:

Տեսագրության մեջ տղամարդը, տեսնելով ակնհայտ հանցանշանները, սկսում է բացատրել, թե իրեն ասել են՝ իբր աղջիկն «ինչ-որ բան է ուզում»: Այդ պահին հայտնվում է Դիանան եւ հայտարարում, որ մանկապիղծը հանդիպման ընթացքում իրեն առաջարկել է «բացել եւ թուլացնել ոտքերը», հետո «ձեռք է գցել կրծքին» եւ հրաժեշտին առաջարկել համբուրվել:

Ակտիվիստները տեսագրությունում ցուցադրում են նաեւ Եվգենի Իկրյանովի ծառայողական վկայականը:

Պյատիգորսկի քաղաքապետարանից «ԿՊ»-ին հայտնել են, որ նման մարդ աշխատակազմում եղել է, բայց օրեր առաջ դիմում է գրել եւ ազատվել՝ առանց պատճառը հիմնավորելու:

Խմբագրությունը պարզել է, որ  «մանկապիղծ որսողները» Դիանային առաջին անգամ չեն օգտագործում մանկապղծության հակված տղամարդկանց բացահայտելու համար: Ակտիվիստները նրա մասնակցությամբ այլ տեսագրություններ էլ ունեն: