ԱՄՆ-ում սերժանտ Ռոբերտ Բեյլսի գործով լսումներ են անցկացվում, որը մեղադրվում է աֆղանցի 16 խաղաղ բնակիչների սպանության մեջ: Ռազմական դատախազությունը նրա համար մահապատիժ է պահանջել:
Reuters-ը գրում է, որ գլխավոր մեղադրող փոխգնդապետ Ջեյ Մորսը պնդում է, որ բանակի ավագ սպա Ռոբերտ Բեյլսը կանխամտածված է գործել եւ մանրամասն հաշվարկել է քայլերը:
Բեյլսի դեմ կանխամտածված սպանության 16 մեղադրանք է ներկայացվել, եւս 6 մեղադրանք՝ մահափորձի համար: Բացի դրանից, նա մեղադրվում է արգելված դեղամիջոցների եւ ալկոհոլի ապօրինի պահման եւ կիրառման մեջ:
Նախալսումներն անց են կացվում Վաշինգթոն նահանգի «Լյուիս Մաքքորդ» ռազմակայանում, ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն երկու շաբաթ, հետո հրամանատարությունը կորոշի՝ բավարար հիմքեր կա՞ն սերժանտին զինվորական դատարանին հանձնելու համար, թե՞ ոչ, գրում է lenta.ru-ն:
Մեղադրող կողմի վարկածով՝ մարտական պարգեւների արժանացած եւ չորս անգամ Իրաք ու Աֆղանստան գործուղված Բեյլսը մարտի 11-ի գիշերը ծառայակիցների հետ դուրս է եկել, հետո զենքով ուղեւորվել է մոտակա գյուղ, որտեղ հրաձգություն է բացել: Վերադառնալով նա պատահածի մասին պատմել է ծառայակիցներին եւ մեկնել այլ գյուղ: Սպանությունների համար նա ընդհանուր առմամբ հինգ ժամ է ծախսել: Ենթադրյալ դրդապատճառը համարվում է վրեժը ռազմակայանի մոտակայքում պայթյունի համար, որի արդյունքում ամերիկացի զինվոր էր վիրավորվել:





























