Մոսկվայի շրջանի նահանգապետ Սերգեյ Շոյգուին անսպասելիորեն պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելուց հետո թափուր է մնացել  Ռուսաստանի կարեւորագույն շրջաններից մեկի ղեկավարի աթոռը: Նոր օրենքով՝ Դաշնության տեղական կառավարման մարմիններին բնակչությունն է ընտրում:

Ինչպես հայտնել է Մոսկվայի շրջանի ընտրական հանձնաժողովի ղեկավար Իվան Վիլդանովը, քվեարկությունը կանցկացվի 2013թ. սեպտեմբերի 8-ին: Վիլդանովը հիշեցրել է, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտել օրենքում կատարված  փոփոխությունները, ըստ որոնց բոլոր մակարդակների ընտրություններն անցկացվում են միաժամանակ՝ սեպտեմբերի սկզբին: 

Մինչ այդ Մերձմոսկվայի նահանգապետի պաշտոնը կզբաղեցնի նախագահի նշանակած պաշտոնակատարը: Առայժմ նախագահը հրամանագիր չի ստորագրել: Ըստ օրենքի՝  Մերձմոսկվայի նահանգապետի պաշտոնը պետք է զբաղեցնի ԱԻՆ նախկին փոխնախարար, շրջանի փոխնահանգապետ Ռուսլան Ցալիկովը:

Ինչպես տեղեկացնում է rbc-ն, Սերգոյ Շոյգուի նշանակման մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո քաղաքական կուսակցություններից ընտրություններին մասնակցելու առաջին հայտերն են ստացվել: «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովն ընդդիմությանը կոչ է արել միասնական թեկնածու առաջադրել: