2001թ.-ի տվյալներով Հայաստանում ապրում են 1274 հույներ։ Այդ մասին նոյեմբերի 6-ին մամուլի ասուլիսում ասաց «Հայաստանում հունական հասարակական կազմակերպություններ միության» նախագահ Արկադի խիտարովը։
Նա նշեց, որ չնայած հույները վաղուց են ապրել Հայաստանում, սակայն հիմնականում հունական համայնքը ձեւավորվել է 200-250 տարի առաջ, երբ պղնձարդյունաբերության զարգացման նպատակով հույն մասնագետներ են հրավիրվել. «Նրանք հիմնականում բնակեցվել են Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ալավերդիում, ինչպես նաեւ Սյունիքում՝ Ղափանում։ Խորհրդային Միության փլուզումից հետո, Հունաստանի կառավարությունը օրենք ընդունեց, որով հույներին հնարավորություն էր ընձեռվում վերադառնալ պատմական հայրենիք, ուստի շատ հույներ հեռացան Հայաստանից»,- ասաց Խիտարովը։
Հարցին՝ արդյոք Հայաստանի կառավարությունը օժանդակում է հույներին, նա նշեց, որ ամեն տարի պետության կողմից հատկացվում է 800.000 դրամ, հիմնական օգնությունը ստացվում է Հունաստանից ու հույն բարեգործներից: «Հայաստանի կառավարությունը մեզ օժանդակում է ուսուցման բնագավառում, շենքեր հատկացնում հունարեն լեզվի դասընթացներ կազմակերպելու համար, իսկ երիտասարդները նախապատրաստական դասընթացներ ստանում են հիմնականում Հունաստանում, երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է պատմական հայրենիքում»,-ասաց Խիտարովը։
Իսկ հարցին՝ ինչպիսի ներդնում ունեն հույները Հայաստանում, նա ասաց, որ Հունաստանից ստացած ֆինանսական ռեսուրսների շնորհիվ, Վանաձորում սարքաշինությունը զարգացնելու նպատակով ստեղծվել է ուսումնական կենտրոն, իսկ Սալոնիկում առաջիկա հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկումներ, որի նպատակն է փորձի շնորհիվ միավորել ամբողջ աշխարհի հունական գիտական պոտենցիալը։





























