Թուրքիան դժգոհ է իսրայելական անօդաչու թռչող սարքերից եւ մտադիր է Aeronautics Defense Systems ընկերությանը վերադարձնել 3 Aerostar սարքեր, քանի որ դրանք վատ են դրսեւորվել Քրդական բանվորական կուսակցության դեմ գործողություններում:

Թե սարքերի հատկապես ինչը դուր չի եկել թուրք զինվորականներին, հայտնի չէ, գրում է Defense News-ը:

Ինչպես գրում է lenta.ru-ն, Aerostar անօդաչու թռչող սարքերը Թուրքիան վարձակալել էր 2007թ.՝ 10 մլն դոլարով՝ Israel Aerospace Industries-ից պատվիրած Heron եւ Harpy-2 սարքերի ուշացման պատճառով: Ընդհանուր արժեքով 185 մլն դոլարի սարքերը Թուրքիան Իսրայելից պատվիրել էր 2005թ.: 

Harpy-2-ը պատվիրատուն ստացել էր 2008թ.՝ մեկ տարի ուշացմամբ: 6 Heron սարքերի մատակարարումն իրականացվել էր 2010թ. մարտին: Արդյունքում Heron անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ պայմանագիրը սառեցվել էր:

Այդկերպ, Aerostar-ի վերադարձն Իսրայելին կարող է վարձակալության ժամկետի ավարտի պատճառով լինել: Միաժամանակ Թուրքիայի եւ Իսրայելի փոխհարաբերությունները վերջին ժամանակներս զգալի սրվել են:

Այժմ Թուրքիան եռանդով զբաղված է սեփական անօդաչու թռչող սարքերի մշակմամբ, մասնավորապես՝ Anka հետախուզական սարքի հիման վրա, որն ստեղծել էր Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը: