Ստամբուլի Չաղլայանի դատարանում այսօր՝ նոյեմբերի 6-ին սկսվել է «Մավի Մարմարա»-ի գործով առաջին դատական նիստը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Dunyabulteni կայքը, հեռակա դատավարությունը սկսվել է վկաների եւ տուժածների ինքնությունների ճշգրտումով։ Դատական նիստը տեղ է ունենում 200 հոգանոց դահլիճում, որտեղ հավաքվել են ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ժամանած մահմեդական ակտիվիստներ։ Թուրքական դատախազությունը մեղադրական զեկույցում մեղադրանք է առաջադրել ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Գաբի Աշքենազիին, Իսրայելի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Էլիեզեր Մարոմին, Իսրայելի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինին եւ Իսրայելի ռազմաօդային ուժերի նախկին ղեկավար Ավիշաու Լեւին:
Իսրայելի ԱԳՆ-ը արձագանքել է Թուրքիայի քայլին՝ հայտարարելով, որ սկսված դատավարությունը շոու է եւ զուրկ է իրավական հիմքից։
Նշենք, որ 2010թ. մայիսին Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին Գազայի հատված օգնություն տեղափոխող «Ազատության տորմիղի» նավերը: Սպանվել էին գործողության 9 մասնակիցներ, բոլորն էլ թուրքեր:





























