Վրաստանի նախագահի աշխատակազմն անջատել է նախագահական նստավայրի արտաքին լուսավորությունը՝ ֆինանսավորումը կրճատելու պատճառով: Այս մասին ասվում է նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեի հայտարարության մեջ, որը տեղադրված է Վրաստանի նախագահի կայքում:

Հայտարարությունում նշվում է, որ նոր բյուջեով նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը կրճատվել է, որից ելնելով պարտադրված միջոցառումներ են ձեռնարկվել: Մասնավորապես, անջատվել է նախագահի նստավայրի հարակից տարածքի լուսավորությունը, բացառությամբ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տարածքից:

«Հիմնական ծախսերը կապված են արտաքին լուսավորության հետ, որի նպատակը մեր մայքաղաքը գեղեցիկ դարձնելն է, սակայն նոր բյուջեի հետ կապված, որը նախատեսում է նախագահի աշխատակազմի ծախսերի կրճատում, մենք ստիպված ենք անջատել լուսավորությունը»,-ասված է հայտարարությունում, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին առաջարկել է Միխայիլ Սահակաշվիլիին լքել նախագահի նստավայրը՝ տեղափոխվելով նույն շենք, որտեղ նստում է կառավարությունը:

Ի պատասխան դրա՝  նախագահաի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ նախագահի նստավայրը Սահակաշվիլիի սեփականությունը չէ եւ երկրում ժողովրդավարական ինստիտուտների մասն է: