Փոթիի գործադուլը դեռեւս չի խանգարում նավթամթերքների Հայաստան տեղափոխմանը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վառելիք ներկրող հայկական երկու խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ֆլեշի» փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն՝ անդրադառնալով Փոթիի նավահանգստի աշխատակիցների գործադուլի ազդեցությանը Հայաստան կատարվող բեռնափոխադրումների վրա:

«մենք նավթամթերք ենք մատակարարում Բաթումիից, այլ ոչ՝ Փոթիից, ուստի գործադուլի հետ կապված դժվարություններ դեռ չենք զգում»,-հայտարարեց Էլչյանը:

Ցորենի ներկրմամբ զբաղվող «Մանչո Գրուփ» ընկերության ղեկավար Իվան Մոսոյանն էլ նշեց, որ գործադուլի պատճառով Նովոռոսիյսկից եւ Ազովից ցորեն տեղափոխող նավերի ժամանումը հետաձգվել է: Ներկայումս ցորենը գտնվում է նավահանգստի էլեվատորներում, սակայն հետաձգման համար լրացուցիչ վճար չի գանձվում՝ շնորհիվ ռուս գործընկերների հետ մեր հին կապերի, պահեստներից օգտվելու համար վճարը հնարավոր է եղել հետաձգել մինչեւ նոյեմբերի 20-ը:

«Ինչ վերաբերում է Բաթումիին, ապա մի շարք պատճառներով  դեռեւս չի հաջողվում բոլոր բեռները Փոթիից ուղարկել Բաթումի»,-նշեց Մոսոյանը:

Հիշեցնենք, որ Փոթիում առաջին գործադուլը հայտարարվել է հոկտեմբերի վերջին: Նոյեմբերի 1-ից գործադուլը վերսկսվել է, արգելափակված է նավահանգստի հզորությունների շուրջ 70 տոկոսը, աշխատակիցները սպառնում են հացադուլ սկսել: