ԱՄՆ-ի արեւելյան ափի նահանգներում, այդ թվում Նյու Յորքում, Վիրջինիայում, Ֆլորիդայում, Փենսիլվանիայում, Մասսաչուսեթսում, Հյուսիսային Կարոլինայում եւ Օհայոյում բացվել են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը: Հենց այս նահանգների ընտրատեղամասերում կորոշվի, թե ով կդառնա երկրի 45-րդ նախագահը:

Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ֆլորիդայի  եւ Վիրջինիայի մի շարք տեղամասերում մեծ հերթեր են գոյացել: Ընդհանուր առմամբ, սպասվում է, որ ընտրատեղամասեր կայցելի 120 մլն մարդ: Նոյեմբերի 6-ին նախագահական ընտրություններին զուգահեռ ամերիկացիները երկու տարով ընտրում են ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կազմը եւ սենատորների մեկ երրորդին՝ 6 տարի ժամկետով:

Ավելի վաղ ընտրությունները մեկնարկել են Վերմոնթում, Քոնեքթիքութում, Մենեում, Նյու-Հեմպշիրում: Նահանգներից յուրաքանչյուրն իրավունք ունի նշանակել  ընտրատեղամասերի իրենց աշխատանքային ժամերը: Օրենսդրությունը պահանջում է միայն, որպեսզի ընտրատեղամասերը բացվեն  ժամը 10:00-ից ոչ ուշ եւ չփակվեն տեղական ժամանակով ժամը 18:00-ից շուտ:

Հիշեցնենք, որ  ուղիղ կեսգիշերին ավանդույթի համաձայն առաջինը ընտրել են  Նյու-Հեմպշիրի երկու բնակավայրերի բնակիչները: Արդյունքները շատ արագ հաշվարկվել են, Օբաման եւ Ռոմնին հավասար թվով ձայներ են հավաքել` յուրաքանչյուրը 5 ձայն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, ով հավաքում է ընտրողների 270-ից ոչ քիչ  ձայն (ընդհանուր 538-ից): Ընտրություններն իրականացվում է «հաղթողը վերցնում է ամեն ինչ» համակարգով, երբ թեկնածուն, հավաքելով նահանգի ընտրողների մեծամասնության ձայները, վերցնում է այդ նահանգի քվեարկողների բոլոր ձայները: Ընդ որում, յուրաքանչյուր նահանգ տիրապետում է  ընտրողների  սահմանված քանակությամբ ձայների` Կոնգրեսի ներկայացուցիչների թվին համապատասխան: