Ռուսաստանի պաշտպանության նախարարության Գույքային հարաբերությունների  վարչության նախկին ղեկավար Եվգենյա Վասիլեւան, ում տանը խուզարկություն էր իրականացվել «Օբորոնսերվիս» ընկերությունում խոշոր չափի գողությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում, լքել է Ռուսաստանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով  ուժային կառույցների աղբյուրը:

«Լուրեր են տարածվել, որ Վասիլեւան հեռացել է երկրից, սակայն այս տեղեկատվությունը  դեռեւս չի հաստատվել: Ստուգում է իրականացվում»,-«ՌԻԱ Նովոստիին» հայտնել է  իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա խոսքով, մոտ ժամանակներս Վասիլեւայի ձերբակալման հրաման չի նախատեսվում, եւ նրա նկատմամբ տեղաշարժի սահմանափակում նույնպես չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը  հաղորդել էր, որ նոյեմբերի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: Պաշտպանական գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել Սերգեյ Շոյգուն, որը մինչ այդ զբաղեցնում էր Մոսկվայի շրջանի նահանգապետի պաշտոնը:

Սերդյուկովը կարող է դառնալ սկանդալային քրեական գործի գործող  անձ, որը հարուցվել է Գերատեսչությանը պատկանող գույքը, հողատարածքները եւ ձեռնարկությունների բաժնետոմսերը  նվազեցված գներով իրացնելու փաստով: Մի շարք պաշտոնյաների խաբեությունների վնասը կազմել է 3 մլրդ ռուբլի:

Սկանդալի կենտրոնում է հայտնվել  պաշտպանության նախարարության Գույքային հարաբերությունների  վարչության նախկին ղեկավար Եվգենյա Վասիլեւան` «երիտասարդ, տաղանադավոր եւ անկասկած շատ գեղեցիկ  աշխատակցուհին», ինչպես նրան բնորոշում են լրատվամիջոցները: Գործն առավել հրապուրիչ է դառնում այն առումով, որ առավոտյան, երբ քննչական խումբը ժամանել է Վասիլեւայի բնակարան` խուզարկություն կատարելու նպատակով, նրանց առջեւ դուռը բացել է ինքը` Սերդյուկովը, ով տարիներ շարունակ կարողացել է իր գլխավորած վարչությունը հեռու պահել նախարարության գույքի վաճառքի հետ կապված  սկանդալներից: Աշխատակցուհու տան խուզարկության ժամանակ այնտեղ թանկարժեք զարդեր  եւ 3 մլն դոլար գումար է հայտնաբերվել: