Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ նոյեմբերի 6-ին, անսպասելի բանավեճ է ծագել, թե քանի զբոսաշրջիկ է ընդունում «մեր հարեւան երկիրը»: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասել է, որ «հարեւան երկրում» (ակնհայտորեն նկատի ունի Վրաստանը) զբոսաշրջիկների թիվը հասել է 5 մլն-ի: «Նման բան չկա»,- անմիջապես արձագանքել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Սակայն Վ. Այվազյանը պնդել է իր հայտարարությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարարն էլ պատասխանել է, թե վիճակագրության հետ պետք է զգույշ լինել:

Հարցին, թե Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացումներն ինչպիսին են, Տ. Դավթյանը պատասխանել է, որ առաջիկա 2-3 տարում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 1 մլն-ը:

Նշենք, որ Վրաստանի պաշտոնական տվյալներով՝ 2012 թ. 9 ամսում այդ երկիր է այցելել 3,2 մլն մարդ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 56%-ով: Ընդ որում՝ այդ այցելություններից 640 հազարը բաժին է ընկնում ՀՀ քաղաքացիներին: