Արեւմտյան Վրաստանի Georgian Manganese ընկերության հանքագործներն ու բանվորներները նոյեմբերի 6-ին դադարեցրել են գործադուլը:

 «Մաեստրո» հեռուստաընկերության տվյալներով, դադարեցնելու որոշումը կայացվել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ նրանց ուղղված ուղերձից հետո, որի մասին նրանց տեղեկացրել է  պատգամավոր, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Գիյա Ժորժոլիանին: Իվանիշվիլին վստահեցրել է, որ կառավարությունը խորհրդակցություններ է անցկացնում Georgian Manganese ընկերության հետ, եւ հանքագործների ու բանվորներների պահանջները կկատարվեն  երկու ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Georgian Manganese ընկերության հանքագործների գործադուլն սկսվել էր  հոկտեմբերի 14-ից: Մի քանի օր անց նրանց էին միացել ընկերության մնացած աշխատակիցները:  Աշխատողները պահանջում էին  աշխատավարձի  100% բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում,  հանքերի տեխնիկական համալրում եւ  անվտանգության նորմերի մեծացում:

Նոյեմբերի 1-ին գործադուլավորների նախաձեռնող խումբը կառավարության ընդունարան Իվանիշվիլիին հասցեագրված նամակ էր տարել, որում նկարագրվել էին աշխատանքի  ծանր պայմանները, եւ վարչապետի հետ հանդիպման պահանջ էր դրվել: 

Ըստ լրատվամիջոցների` գործադուլին մասնակցել են 3700 հանքագործներ եւ բանվորներ: Ներկայումս նրանց աշխատավարձը 200-750 լարի է  (120-450 դոլար):