Վրաստանի Քսանիի թիվ 15 գաղութի տնօրեն Նուկրի Խուխուան այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողներին հայտնել է, որ փոշմանել է ու հրաժարական չի ներկայացնի, իսկ պաշտոնը կթողնի միայն այն դեպքում, եթե պատիժների կատարման եւ իրավաբանական օգնության նախարարության գլխավոր տեսչությունն իր գործունեության մեջ խախտումներ հայտնաբերի:
Հիշեցնենք, որ այդ գաղութում հուզումներ էին տեղի ունեցել եւ 15 բանտարկյալներ կարել էին իրենց բերանները:
Ավելի վաղ «Սահմանադրության 42-րդ հոդված» ՀԿ-ի ներկայացուցիչ Նինո Ջանդիերին հայտարարել էր Խուխուայի հրաժարականի մասին՝ վկայակոչելով նրա հետ իր հեռախոսային խոսակցությունը: Խուխուայի հրաժարականի մասին տեղեկությունից հետո, պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավար Մայա Խասիան դա անհիմն էր համարել, հավելելով, որ քանի որ նա ոչ մի անօրինական գործողություն չի կատարել, հրաժարական տալն իմաստ չունի:
Նուկրի Խուխուան տվյալ գաղութի տնօրեն էր նշանակվել հոկտեմբերին՝ Վրաստանում նոր կառավարության ձեւավորումից հետո: Նրա նշանակումից հետո Քսանիի գաղութում հուզումներ էին սկսվել, իսկ օմբուդսմենի գրասենյակը կոչ էր արել պատիժների կատարման նախարարությանն արձագանքել Քսանիի դեպքերին:





























