Փոթիի նավահանգստի բանվորների գործադուլի դադարեցման մասին նոր տեղեկություններ չկան։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Վրաստանի Անկախ արհմիությունների միության քարտուղար Գոչա Ալեքսանդրիան։ Նրա խոսքով, նավահանգիստը տնօրինող APM Terminals ընկերության նոր տնօրենն այսօր հանդիպում է ունեցել գործադուլավորների հետ, սակայն նրա առաջարկություններն ու առաջադրած պայմանները բանվորները մերժել են։ Հաջորդ հանդիպման մասին տեղեկություններ չկան. «Վերջին օրերին մենք հույս ունեինք խնդիրը լուծել այս հանդիպման ժամանակ, սակայն փորձերն արդյունք չտվեցին»,-ավելացրեց Ալեքսանդրիան։
«Մենք հանդիպեցինք բանվորների հետ ու առաջարկեցինք դադարեցնել հացադուլը։ Ինչ վերաբերվում է գործադուլին, ապա բանվորները որոշեցին այն շարունակել, քանի դեռ չեն բավարարվել իրենց պայմանները»,-նշեց միության քարտուղարը։
Ներկայումս գործադուլ են հայտարարել նավահանգստի գրեթե բոլոր բանվորները, բացի 5-6 նավահանգրվանի, որոնք վարձակալում են այլ ընկերություններ։
«Գործադուլավորները պահանջում են բարելավել աշխատանքային պայմանները, բարձրացնել աշխատավարձը։ Մենք մեր կողմից իրավաբանական կոնսուլտացիաներ ենք իրականացնում նրանց շրջանում, օգնում ստեղծել սեփական արհմիություն»,-նշեց Ալեքսանդրիան։
Հիշեցնենք, որ Փոթիում առաջի անգամ գործադուլ հայտարարվել էր հոկտեմբերի վերջին ու կարճ ժամանակում դադարեցվել։ Երկրորդ գործադուլը սկսվել էր նոյեմբերի 1-ին ու շարունակվում է մինչ այժմ։ Այս գործադուլը որոշակի դժվարություններ է ստեղծում նաեւ հայ բեռնափոխադրողների համար՝ ինչպես արտահանման այնպես էլ ներկրման առումով։




























