Թբիլիսիում կաբելային օպերատորները վերսկսել են ռուսաստանյան հեռուստահաղորդումների հեռարձակումը, որը դադարեցվել էր 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից հետո։ Հաղորդումների հեռարձակումը սկսվել է նոյեմբերի 6-ից։
Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», «7-րդ ալիք» կաբելային օպերատորը կհեռարձակի ռուսական «Առաջին», «TV կենտրոն» ու մի քանի այլ հեռուստաալիքների հաղորդումներ։ Դրանք դիտելու համար անհրաժեշտ է ամսական մուծել 4 լարի։
Ռուսական հեռուստաալիքների եթերային հեռարձակումը Վրաստանում դադարեցվել էր 1990-ական թվականներից, որից հետո Վրաստանի բնակչությունը հնարավորություն ուներ ռուսական հաղորդումներ դիտել միայն կաբելային կապի միջոցով։
Իսկ կաբելային հեռարձակումը դադարեցվել էր 2008-ի օգոստոսին։ Այն ժամանակվա Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Կախա Լոմայան հայտնել էր, որ դա պայմանավորված է Ռուսական լրատվամիջոցների Վրաստանին հայտարարած «լրատվական պատերազմով»:




























