Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ռունետում տեղեկություն է հայտնվել, որ «հայտնի ռուսաստանցի լրագրող եւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները լքում է Ռուսաստանի դաշնությունը եւ տեղափոխվում Փարիզ»: Ինքը՝ Պոզները «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել է, որ դա «զառանցանք է»:
Հաղորդվում էր, որ այս կիրակի՝ նոյեմբերի 11-ին, եթեր կհեռարձակվի «Պոզներ» հաղորդաշարի վերջին թողարկումը: Իբր, Պոզները հոգնել է ապրել մի երկրում, որտեղ չափից շատ բան իրեն դուր չի գալիս:
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի պետդումայում իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Իլյա Կոստունովը պահանջել էր աշխատանքից հեռացնել Պոզներին՝ ՌԴ Քննչական կոմիտեի հասցեին նրա «ոչ իրավաչափ» քննադատության համար:
Պարբերականը գրում է, որ վերջին ժամանակներս լրագրողն իսկապես շատ ժամանակ է անցկացնում արտասահմանում: Հիմնականում, նրա այցելություններն աշխատանքային բնույթ են կրում: Օրինակ, նա հերթական վավերագրական ֆիլմն է նկարում՝ աշխարհի երկրների շարքի համար: Նա արդեն ֆիլմեր է նկարահանել Ամերիկայի, Ֆրանսիայի, Իտալիայի մասին: Նոր ֆիլմը կլինի Գերմանիայի մասին:
Նոյեմբերի 4-ին «Պոզներ» հաղորդումը եթեր չի հեռարձակվել տոների հետ կապված, իսկ նոյեմբերի 11-ին ծրագիրը եթերում կլինի իր ժամին, թեեւ դեռ հայտնի չէ, թե ով է լինելու նրա հյուրը:
Նշենք, որ Վլադիմիր Պոզների՝ Ռուսաստանը լքելու մասին հայտնել էր Fognews-ը:
Ըստ պարբերականի, ամեն բան սկսվել է նրանից, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Իլյա Կոստունովն իր միկրոբլոգում գրել էր. «Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պոզները կա՛մ պետք է բացատրություն տա ռուսական դատարանների մասին հայտնած իր կարծիքի համար, կա՛մ ներողություն խնդրի, կա՛մ էլ լքի Առաջին ալիքը»:
Հաղորդաշարի նախկին թողարկման ժամանակ հնչած արտահայտությունը, որը տրամադրել էր պատգամավորին Պոզների դեմ, հետեւյալն էր. «Երբ պարոն Մարկինն ասաց, որ ինքը Ռազվոզժաեւը իր ձեռքով գրել է 10 էջ մեղայական, ես քիչ մնաց վայր ընկնեի աթոռից: Չէ՞ որ պարոն Մարկինը շատ լավ գիտի, թե ինչպես եւ ինչ միջոցներ կիրառելով են նման մեղայականներ գրվում, եւ որ դրանցից ԱԱԾ-ի արխիվներում միլիոններով կան»:
Կոստունովը լրատվամիջոցներին հայտարարել է, որ 3 պետությունների քաղաքացի հանդիսացող հայտնի հեռուստալրագրողը պետք է պատասխան տա իր այն խոսքերի համար, որով նա ռուսական Հետաքննչական կոմիտեի գործողությունները համեմատել է ԱԱԾ-ի վատագույն տարիների կիրառած բռնության մեթոդների հետ:
Պոզները նրա ելույթն անպատասխան չի թողել. «Տեսնում եմ, որ Ռուսաստանն իրոք դարձել է միասնական: Դատարկախոսների, հիմարների եւ տգետների միասնական Ռուսաստան: «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորների մի խումբը օրենքներ է ընդունում, որոնք արգելում են կատուներին գիշերները տմբտմբացնել հատակին, իսկ մեկ այլ խումբ ազգայնական խորհրդանիշներով ռուսական մարշեր է կազմակերպում: Ես աթեիստ եմ եւ հավատում եմ, որ առաջացել եմ կապիկից, այն կապիկից, որին աշխատանքն ու գիտելիքը մարդ դարձրին՝ ի հակադրություն այն պատգամավորների, որոնք բոլորը աստվածավախ են դարձել, եւ որոնց բոլորին Աստված է ստեղծել: Այդ աստվածաստեղծ պատգամավորներն են ազգայնական մարշեր կազմակերպում: Նրանք ավելի շատ են կապիկների հիշեցնում: Ուստի եւ նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, մինչեւ մարդ դառնալու էվոլյուցիան կավարտվի նրանց մոտ: Հնարավոր է, որ մի օր նրանցից մարդիկ դուրս գան: Սակայն ես ծեր մարդ եմ եւ այդքան երկար չեմ կարող սպասել: ես ցավում եմ, որ ստիպված եմ լքել Ռուսաստանը: Սակայն մարդ դառնալով՝ ես այլեւս չեմ կարող կիսել կապիկների հետ նույն երկրիը»:




























