Ադրբեջանը քաղաքակիրթ երկրի համար անպարկեշտ հայտարարություններ է անում: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի պետական վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Արցախի հասցեին հերթական սպառնալիքները՝ մոտ ժամանակներս «Ստեփանակերտ» օդանավակայանի շահագործման հետ կապված:
Նշենք, որ այս անգամ «առանձնացել» է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը, ով սպառնացել է «ավելի արմատական քայլերի դիմել»:
«Այո, Ադրբեջանը կարող է հարվածել, գրավել, վայրէջք պարտադրել, այլ միջոցառումներ իրականացնել, ասենք, դիվերսանտներ ուղարկել: Նրանք այդ ամենին ընդունակ են, բայց մենք էլ քնած չենք»,-ընդգծել է Ադբաշյանը, հավելելով, որ ղարաբաղյան կողմը այդ հայտարարությունները գնահատում է որպես սովորական սպառնալիք: « Ադրբեջանը քաղաքակիրթ երկրի համար անպարկեշտ հայտարարություններ է անում»,-նկատեց նա:
«Օկուպացված տարածքներում թռիչքների անթույլատրեիլության» մասին հայտարարություններին անդրադառնալով, Ադբաշյանը հիշեցրեց, որ քաղաքացիական ավիացիան կապ չունի քաղաքականության հետ: «Մեր խնդիրը հաղորդակցություն ապահովելն է»,-ասաց նա, ընդգծելով, որ մարդու իրավունքները կախված չեն այն տարածքի կարգավիճակից, որտեղ նա ապրում է:
Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հեռանկարը հիստերիկ արձագանք է առաջ բերում Ադրբեջանում: Պարբերաբար այդ երկիրը հանդես է գալիս սպառնալիքներով, թե կհարվածի Ստեփանակերտ թռչող օդանավերին: Նման սպառնալիքները հակասում ենքաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային օրենսդրությանը:
Նախատեսվում է, որ օդանավակայանը սկզբնական փուլում կարող է սպասարկել օրական 100 ուղեւոր, իսկ ուղեւորափոխադրումները կիրականացնի «Էյր Արցախ» ընկերությունը:





























