Նախքան Հայաստանի նախագահի պաշտոնում այս կամ այն թեկնածուի առաջադրումը մեկնաբանելը Արամ Մանուկյանը պետք է գիտակցի իր պատասխանի բարոյական կողմը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղակավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքերն այն մասին, թե շտապ առաջադրվում են միայն թույլ թեկնածուները:
Ըստ Հակոբյանի, եթե Արամ Մանուկյանը չէր ցանկանում ճիշտ պատասխանել այն հարցին, թե երբ է Հայ ազգային կոնգրեսն առաջադրելու նախագահի իր թեկնածուին, ապա կարող էր ասել, որ չի ցանկանում կամ էլ դեռեւս չի կարող պատասխանել: «Իսկ եթե Մանուկյանը պետք է ճիշտ պատասխան տար, ապա պետք է ասեր, թե «հապճեպ» առաջադրվում է այն քաղաքական գործիչը կամ այն աղաքական ուժի ներկայացուցիչը, որի առաջադրումը կապված չէ ներքին կամ արտաքին քաղաքական ուժերի հավանությունից: Կամ էլ կարող էր ասել, որ տվյալ պահին առաջադրվում են այն թեկնածուները, որոնք բեռ չեն դարձել այլ քաղաքական ուժի ուսերին եւ չեն սպասում նրա հավանությանը, չեն անհանգստանում, որ մի նոր «միացյալ շտաբում» աշխատելուց հետո իրենց չեն շահագործի ու դեն նետի, ինչը տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններից հետո», - նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցին, թե իրադարձությունների հատկապես ինչ զարգացման է սպասում ՀԱԿ-ը՝ չառաջադրելով իր թեկնածուին, պատասխանել էր. «Քաղաքական ուժերը պետք է վերլուծեն քաղաքական իրավիճակը, որից հետո առաջադրեն իրենց թեկնածուներին: Ավելորդ շտապողականությունն անտեղի է: Տեսեք, թե ով է հապշտապ հայտարարել թեկնածու առաջադրելու մասին. Ամենաթույլերը: Էպոսագետը, հոգեւորականության կիսագրագետ ներկայացուցիչը եւ եւս մեկը, որին դուք չգիտեք: 3-4 թեկնածուներ, իրենց թուլությանը համապատասխան»: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտնել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։





























