ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հայտարարությունը, ըստ որի հանրապետականների մի մասը կարող է անցնել ընդդիմության կողմը, նախընտրական քաղաքական բլեֆ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ինքն էլ չի հավատում իր ասածին: վերջին տարիների պատմությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ անդամները չեն լքում կուսակցության շարքերը, փոխարենը ՀԱԿ-ի անդամներն են հեռանում եւ համալրում այլ քաղաքական ուժերի շարքերը»,-նկատեց Շարմազանովը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ վերջին տարիներին ՀՀԿ-ն եղել եւ մնում է այն քաղաքական ուժը, որն իր շուրջը համախմբում է քաղաքական այլ ուժերի: Միաժամանակ, Շարմազանովը խորհուրդ տվեց Արամ Մանուկյանին հիշել այն հայտնի քաղաքական գործիչների անունները, ովքեր լքել են Հայ ազգային կոնգրեսը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ինչպես «Բարգավաճ Հայաստան», այնպես էլ «Ժառանգություն», ՀՅԴ կուսակցությունների, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության այն հատվածի հետ, որը կողմ է Սերժ Սարգսյանի հեռանալուն:
Մանուկյանը նաեւ նշել է, որ չպետք է զարմանալ, որ Հանրապետական կուսակցությունում կան այնպիսիք, ովքեր կանցնեն ընդդիմության կողմը: «Հիշեք Օսկանյանի հարցով քվեարկությունը: Հանրապետական 6 պատգամավորներ դեմ էին քվեարկել: Իսկ դա եւս մեկ անգամ ապացուցում է իմ խոսքերը»:





























