Վրաստանի իշխանությունները, եվրոպական կառույցների ճնշմամբ, 2007 թ.-ին ընդունել էին օրենք՝ «Խորհրդային Վրաստանից 1940-ական թվականներին հարկադիր տեղահանված մսխեթցի թուրքերի ու այլ մահմեդականների հայրենադարձության վերաբերյալ», սակայն սահմանել էին այնպիսի չափորոշիչներ, որոնք խոչընդոտում էին նրանց վերադարձը։ Այդ մասին, նոյեմբերի 6-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Նա նշեց, որ վրացական իշխանություններն այն ժամանակ փորձում էին շահարկել հայկական գործոնը, կիրառելով կրակի միջից ուրիշի ձեռքով շագանակ փախցնելու տարբերակը: «Վրաստանին նույնպես ձեռնտու չէ մահմեդականների վերաբնակեցումը, քանի որ նախկինում թուրք մսխեթցիների բնակավայրերը, որոնք աչքի են ընկնում արգավանդ հողերով, այժմ բնակեցված են վրացիներով, իսկ նրանց տեղափոխումը կրկնակի խնդիրներ կառաջացնի իշխանությունների համար։ Սահակաշվիլիի վարչակարգը դեռ այն ժամանակ սկսեց տարածել տեղեկատվություն, որ մահմեդականները կվերաբնակեցվեն բուն Ջավախքում՝ պատճառաբանելով, որ այնտեղ տներն ու հողն ավելի էժան են»,-ասաց պատգամավորը։
Նա տեղեկացրեց, որ վրացական իշխանությունները Ջավախքում նաեւ մահմեդական աջարների վերաբնակեցում են իրականացնում, հիմնականում ռուս մոլոկանների ու դուխոբորների գյուղերում, որով փորձ է արվում փոխել երկրամասի դեմոգրաֆիկ պատկերը:
«Սակայն ամեն դեպքում վրացական իշխանություններին ձեռնտու չէ մահմեդականների ու մսխեթի թուրքերի վերաբնակեցումը, դա ավելորդ լարվածություն կստեղծեր երկրամասում»,- իր խոսքն ամփոփեց Շիրակ Թորոսյանը։





























