ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների օրը՝ նոյեմբերի 6-ին, 973 հազար մարդ դեռեւս մնում է առանց լույսի: ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Սենդի» փոթորկից վնասված էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքները շարունակվում են:

Հյուսիսարեւելյան ժամանակով (EST) առավոտյան 9-ի դրությամբ, ԱՄՆ արեւելյան 6 նահանգներում 973,759 բաժանորդ դեռեւս առանց լույսի է մնացել: Խոսքը Քոնեքթիքութի, Մերիլենդի, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Փենսիլվանիայի եւ Արեւմտյան Վիրջինիայի մասին է: Ավելի քան 7,3 մլն բաժանորդների համար էլեկտրաէներգիայի մատակարարումն արդեն վերականգնվել է:

Ավելի վաղ փոթորկի հետեւանքով առանց լույսի էր մնացել ավելի քան 8,5 մլն մարդ՝ 21 նահանգներում: