ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին նախագահական ընտրություններում հաղթել է Քենտուկի եւ Ինդիանա նահանգներում, այն դեպքում, երբ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթանակ է տարել Նյու Հեմպշիրում, հաղորդում է NEWS.am-ը` վկայակոչելով Huffington Post-ը:
Ընտրություններում հաղթելու համար ԱՄՆ-ի նախագահի թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ընտրողների 270-ից ավելի քվե (ընդհանուր 538-ից): Ընդ որում, յուրաքանչյուր առանձին նահանգում հաղթած թեկնածուն իրեն է վերցնում այդ նահանգի բոլոր ձայները: Այսպիսով, Բարաք Օբաման, ով Նյու Հեմպշիրում հավաքել է ձայների մեծամասնությունը, վերցնում է նահանգի բոլոր 4 քվեները: Միեւնույն ժամանակ Միթ Ռոմնին, ով հաղթել է Քենտուկի եւ Ինդիանա նահանգներում, բնականաբար ստանում է երկու նահանգների բոլոր` համապատասխանաբար 11 եւ 8 քվեները: Ընտրողների քվեների քանակը կախված է նահանգների բնակչության թվից: Ամենախիտ բնակեցված բնակավայրը` Քլիֆորնիան ունի 55 քվե, այն դեպքում, երբ ամենաքիչ բնակչությամբ նահանգ Մոնտանի քվեները ընդամենը 3-ն են:
Ավանդաբար, Դեմոկրատական կուսակցության թեկնածուները հաղթում են ԱՄՆ-ի Արեւմտյան եւ Արեւելյան ափերի խիտ բնակեցված նահանգներում մինչդեռ Հանրապետական կուսակցությունը առաջատար է ամերիկյան «հարդլենդի» բազմաթիվ նահանգներում: Սակայն կան այնպես կոչված «ոչ հաստատուն» նահանգներ, որտեղ հանրապետականների եւ դեմոկրատների կողմնակիցների թիվը հավասար է: Հենց այս նահանգների քվեարկությունն է կարեւոր դեր խաղում ԱՄՆ-ի նախագահի ընտրության հարցում: Այս ընտրություններում այդ նահանգներն էին Ֆլորիդան, Միչիգանը, Փենսիլվանիան եւ Հյուսիսային Կարոլինան, ինչպես նաեւ ավանդաբար տատանվող Օհայոն, որտեղից դուրս է եկել ամերիկյան ասածվածքն այն մասին, որ «Նա ով հաղթում է Օհայոյի ընտրություններում, նա էլ դառնում է ԱՄՆ-ի նախագահ»:
Ասոշեյթեդ պրեսի հաղորդմամբ, հիմնական թեման, որն այս ընտրություններին հուզում էր ամերիկացի ընտրողներին երկրի տնտեսական վիճակն էր: Բացի այդ, գործակալությունը նշում է ընտրողների մեծ մասնակցությունը եւ որոշ ընտատեղամասերում առաջացած հերթերը: Փորձագետների կարծիքով, այս ընտրությունների մասնակցությունը, հավանաբար, համանման կլինի 2008 թ-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների մասնակցությանը, երբ քվեարկել էր 131 մլն ամերիկացի:





























