Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում  Valley Proteins ընկերության աշխատակիցը կրակ է բացել աշխատանքի վայրում` սպանելով երկու եւ վիրավորելով եւս երկու մարդու, իսկ հետո կրակել է ինքն իր գլխին:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները  կրակողին` 42-ամյա Լոուրենս Ջոնսին  հայտնաբերել են ընկերության շենքից դուրս` գլխին հրազենային վնասվածքով: Այնտեղ հայտնաբերվել է նաեւ 32-ամյա կին, ով վիրավորվել է մեջքի ներքեւի հատվածում, հաղորդում է MercuryNews.com-ը: Շինության ներսում ոստիկանները հայտնաբերել են  եւս երեքին` երկու վիրավոր տղամարդկանց եւ մեկ սպանվածի:

Հետագայում մահացել են վիրավորներից եւս երկուսը:

Լոուրենս Ջոնսը պայմանական ազատության մեջ է  գտնվել եւ Apple Valley Farms ընկերությունում աշխատել է ընդամենը 14 ամիս: Նա, ոստիկանների տվյալներով, հարուստ քրեական անցյալ է ունեցել:

Ոստիկաններին դեռեւս չի հաջողվել պարզել , թե ինչն է Ջոնսին դրդել նման քայլի դիմել: Աշխատակիցների պատմելով, Ջոնսը աշխատանքի է եկել առավոտյան ժամը 5-ին, աշխատել է 3,5 ժամ, իսկ հետո ժամը 8:30-ի սահմաններում  վերցրել է զենքը եւ սկսել է կրակել: Աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Ջոնսն այդ օրը ինքն իրեն նման չէր:

Valley Proteins ընկերությունը կեր է արտադրում տնային կենադնիների համար, հաղորդում է CNN-ը: Միջադեպին ականատես են դարձել մոտ 30 աշխատակից: Այդ օրը ընկերությունում եղել է 62 մարդ:

Զոհվածների անունները չեն հաղորդվում: