Ըստ նախնական տվյալների` ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին առաջ է անցնում իր մրցակից դեմոկրատից` ստանալով 154 քվե: ԱՄՆ-ի նախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման հավաքում է 144 քվե:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ընտրություններին հաղթելու համար ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն պետք է հավաքի 270 (538-ից) քվե: Ընդ որում` առանձին նահանգում հաղթած թեկնածուն ստանում է այդ նահանգի բոլոր ձայները:
Քվեների քանակը կախված է նահանգի բնակչությունից: ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված Քալիֆորնիա նահանգում կա 55 քվե, իսկ Մոնտանայում` 3:
Ավանդաբար Դեմոկրատական կուսակցության թեկնածուները հաղթում են ԱՄՆ-ի Արեւմուտքի եւ Արեւլյան հատվածի խիտ բնակեցված նահանգներում, իսկ Հանրապետականն առաջատար է լինում ամերիկյան «հարթլենդի» շատ նահանգներում: Սակայն կան, այսպես կոչված «տատանվող» նահանգներ, որտեղ դեմոկրատների եւ հանրապետականների կողմնակիցների թիվը հավասար է: Հենց այդ 7 նահանգների քվեարկությունն էլ վճռորոշ կլինի ԱՄՆ-ի նախագահի հաղթողի հարցում. Այդ նահանգներն են`Կոլորադոն, Ֆլորիդան, Այհովան, Նյու Հեմփշիրը, Վիսկոնսինը, Փենսիլվանիան, Վիրջինիան, եւ Օհայոն, որտեղից առաջացել է ամերիկյան ասացվածքը՝ «Նա, ով հաղթում է Օհայոյի ընտրություններում, դառնում է ԱՄՆ-ի նախագահ»:
Ըստ «Ասոշեյթիդ փրեսի»` ամերիկացիներին հուզող հիմնական խնդիրն այս ընտրություններին երկրի տնտեսական դրությունն է: Ըստ փորձագետների` այս ընտրություններում ընտրողների մասնակցությունը հավասար կլինի 2008 թվականի տվյալներին, երբ քվեարկել էր 131 միլիոն ամերիկացի:





























