Վրաստանի ՆԳ եւ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան ձերբակալվել է Վրաստանի գլխավոր դատախազությունում հարցաքննվելուց հետո: Ինչպես հայտնել է նրա փաստաբան Դավիդ Դեկանոյիձեն, Ախալայային պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք է ներկայացվել:
Հարցաքննությունից հետո Ախալայային տարել են գլխավոր դատախազության շենքից, բայց թե ուր, պաշտպանությանն առայժմ չի հաջողվել պարզել։ Ախալայային ներկայացված մեղադրանքների պատճառ են դարձել պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցների բողոքները, հայտնել է փաստաբանը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
ՆԳՆ-ի նախկին ղեկավարի հարցաքննությունը տեւել է 4 ժամ: Նախքան շենք մտնելն Ախալայան լրագրողներին հայտնել էր, որ հրավիրվել է որպես վկա, եւ չգիտի, թե որ ժամանակահատվածին է վերաբերում քննվող գործը: Միեւնույն ժամանակ Ախալայան «հիմարություն» է անվանել իր հասցեին մեղադրանքները, թե իբր մասնակցել է վրացական բանտերում կատարված բռնություններին: Հարցաքննությունն սկսելուց 2 ժամ անց Ազգային շարժման ներկայացուցիչները կանչել են փաստաբան Դավիթ Դեկանոյիձեին` չնայած Ախալայան նախքան հարցաքննությունը հայտարարել էր, որ պաշտպանության կարիք չունի:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համախոհ Բաչո Ախալայան Վրաստանի ՆԳՆ-ն գլխավորել է այս տարվա ամռանից` Վանո Մերաբիշվիլիի վարչապետ նշանակվելուց հետո, եւ հրաժարական էր տվել խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ` «բանտային սկանդալի» պատճառով: Այն ժամանակ Ախալայան հայտարարել էր, թե իրեն բարոյապես պատասխանատու է զգում, որ բանտարկյալների նկատմամբ բռնություններին մասնակից են իր ենթակաները:





























