ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 22-ին, ժամը 13.00-ին պարտավոր է ներկայանալ Ավան եւ նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցի գործով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Չներկայանալու դեպքում Հայրապետյանը պարտավոր է դատարան ներկայացնել նոտարական վավերացման հայտարարություն այն մասին, որ այս գործով իր շահերը ներկայացնող չորս փաստաբաններին տրված լիազորագրերի մեջ առկա ստորագրությունները պատկանում են հենց իրեն եւ կեղծված չեն:
Նման որոշում երեկ կայացրել է դատավոր Արսեն Բաբայանը` բավարարելով այս գործով հայցվոր, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի միջնորդությունը: Հայցը դատարան է ներկայացվել «Նուվել դԱրմենի» ամսագրին Հայրապետյանի տված հարցազրույցի հետ կապված:
«Շատ կուզենայի հավատալ, որ Հայրապետյանը դատական նիստերին չի ներկայանում ամոթի պատճառով, քանի որ ասել է բաներ, որոնք իսկությանը չեն համապատասխանում»,- նիստի ավարտից հետո ասել է Խառատյանը: Երեկ նույն դատարանում շարունակվել է «Հարսնաքարի» գործով դատավարությունը»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























