Վրաստանի Փոթի նավահանգստի գլխավոր տնօրեն Ջոզեֆ Քրոուլին հրաժարական է տվել: Քրոուլիի տեղակալ Սփին Դեւիդսոնն արդեն գտնվում է նավահանգստում: Նա առայժմ մեկնաբանություններ չի տալիս:

«Լիազորությունների փոխանցման գործընթացն արդեն տեղի է ունենում: Սա կապված չէ կատարվող իրադարձությունների հետ: Հրաժարականը նախատեսված էր 2-3 ամիս առաջ, այն բիզնեսի սովորական բաղադրիչ է», - հայտարարել է Քրոուլին, հաղորդում է «Ինտերպրես Նյուզը»:

Ջոզեֆ Քրոուլիի օրոք է եղել նավահանգստի 500 աշխատակիցների կրճատումը եւ ներկայիս անժամկետ գործադուլները, որոնք սկսվել են 6 օր առաջ, հայտնում է վրացական գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, գործադուլ են հայտարարել նավահանգստի գրեթե բոլոր աշխատակիցները բացի 5-6 կայանից, որոնք վարձակալությամբ տրվել են այլ ընկերությունների: Աշխատողները պահանջում են բարելավել  աշխատանքային պայմանները, բարձրացնել աշխատավարձը: 

Փոթիում առաջին գործադուլը հայտարարվել էր հոկտեմբերի վերջին եւ կարճ ժամանակ անց ընդհատվել էր: Երկրորդը նոյեմբերի 1-ից շարունակվում է մինչ օրս: Այդ ամենի հետեւանքով  դժվարություններ ունեն նաեւ հայկական բեռնափոխադրողները: