ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները աչքի են ընկել անկազմակերպ լինելով: Առաջին հերթին, մարդկանց զայրացրել են հսկա հերթերը, որոնք առաջացել են ընտրատեղամասերի տարածքում: Այս հարցում ռեկորդ է սահմանել Ֆլորիդա նահանգը, որտեղ հերթերը երբեմն ձգվել են` հասնելով մինչեւ 3 հազար ընտրող: Նման իրավիճակը բնորոշ է եղել վիճելի բոլոր նահանգներում, որտեղ չի հաջողվել կանխատեսել ընտրությունների հաղթողին: Հերթեր են գոյացել նաեւ Վիրջինիայում եւ Օհայոյում, հաղորդում է «Էխո Մոսկվի»:
Փենսիլվանիայում ամենատարածված խնդիրը դարձել է ընտրելու համար նախատեսված սարքերի խափանումը: Սարքավորումներից մեկը, օրինակ Բարաք Օբամայի համար տրված ձայները հաշվել է Միթ Ռոմնիի օգտին: Իսկ Նյու Յորքում, որը դեռեւս ուշքի չի եկել Սենդի փոթորկի հարվածներից, ընտրությունները հիմնականում ընթացել են արտակարգ պայմաններում: Մի քանի տասնյակ ընտրատեղամասեր բացվել էին վրաններում: Արդյունքում իրավապաշտպանները բազմաթիվ բողոքներ են ստացել ընտրությունների անկազմակերպ ընթացքի վերաբերյալ:
Ամենալուրջ սկանդալը ծագել է Ֆիլադելֆիայում, որտեղ ընտրատեղամասերում, անհասկանալի պատճառներով, հեռացվել են հանրապետական կուսակցության 75 դիտորդներ: Այս միջադեպը արդեն հետաքրքրել է Փենսիլվանիա նահանգի դատախազությանը:





























