Ամերիկյան Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հայտարարություն է տարածել 2012թ. ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ նախագահի ընտրությունների վերաբերյալ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային հաղթանակի կապակցությամբ, նահանգապետ Ռոմնիին խրախուսում ենք լավ կազմակերպված քարոզարշավի համար եւ շնորհակալություն ենք հայտնում հայ-ամերիկյան ընտրողներին, ովքեր ռեկորդային քանակությամբ ժամանել են ընտրատեղամասեր՝ թեկնածուներին սատարելու: Մենք անհամբերությամբ սպասում ենք Օբամայի աշխատակազմի եւ Կոնգրեսի հետ աշխատանքն սկսելուն, որպեսզի առաջընթաց ունենանք Ամերիկայի հայ համայնքի քաղաքական առաջնահերթությունների մասով»,– հայտարարել է Քեն Խաչիկյանը:

«Մեզ համար շատ ուրախալի էր Կոնգրեսում մեր նախընտրած թեկնածուների նման բարձր տոկոսով հաղթանակը»,– հավելել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահը:

Նշենք, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսում ԱՄՆ-ի ավելի քան 30 նահանգներից ավելի քան 140 թեկնածուների էր  սատարում: Այս առանցքային ընտրությունների արդյունքների վերջին տվյալները կներկայացվեն ավելի ուշ: