ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Յան Քելլին օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, որում գնահատական էր տվել ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին եւ ԱՄՆ-ի մտահոգությունն արտահայտել մի շարք հարցերի կապակցությամբ:

Նշվել էր, որ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն համագործակցում են երեք հիմնական ուղղություններով՝ անվտանգություն, ներառյալ՝ Ղարաբաղյան հակամարտությունը, էներգետիկա եւ տնտեսություն:

«ԵԱՀԿ-ում մենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման կողմնակիցն ենք: Սեպտեմբերի 27-ի հայտարարությունում համանախագահները անհանգստություն էին հայտնել վերջին ամիսներին առաջընթացի բացակայության կապակցությամբ», - ասել էր Քելլին:

Այնուհետեւ անդրադարձ էր եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծին: Նշվել էր, որ ԱՄՆ-ն կողմ է Ադրբեջանից բնական գազը Եվրոպա արտահանելու հարավային միջանցքի ստեղծմանը: Քելլին նաեւ հույս էր հայտնել, որ կշարունակվի համագործակցությունը օրենքի գերակայության, մարդու հիմնական ազատությունների, քաղաքացիական հասարակության եւ Ադրբեջանի համար այլ անհրաժեշետ բարեփոխումների բնագավառում:

 «Այս կապակցությամբ նախկինի պես մտահոգված ենք Ադրբեջանում հիմնական ազատությունների սահմանափակմամբ, ներառյալ՝ հավաքների, խոսքի եւ միավորման ազատությունը», - ասվում է հայտարարությունում:

 «Մենք Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում համագործակցել ԵԱՀԿ-ի, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների հետ՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների  ոլորտներում կառուցողական նախաձեռնություններ մշակելու համար: Նաեւ կառավարությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը թրաֆիքինգի դեմ պայքարում, ավելին անել զոհերին հայտնաբերելու եւ մեղավորներին պատժելու համար»: