Հանրապետական Միթ Ռոմնին ընդունել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր պարտությունը: Նա զանգահարել է ԱՄՆ-ի նախագահ Օբամային եւ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, հայտնում է CNN-ը:

Ռոմնին նաեւ հույս է հայտնել, որ Օբաման կարող է լուծել ԱՄՆ-ի առջեւ ծառացած բարդ խնդիրները, գրում է «Ռոսբալտը»:

Բոսթոնի իր շտաբի (Մասաչուսեթս նահանգ) հարթակից ելույթ ունենալով՝ Ռոմնին հայտնել է, որ հատուկ շնորհավորանքի են արժանի Օբամային սատարողները, այդ թվում՝ նրա կին Միշելը եւ դուստրերը:

«Սա մեծ մարտահրավեր է: Աղոթում եմ, որ նախագահն ազգի ղեկավարման գործում հաջողությունների հասնի»,- հանրապետականի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման նախագահական ընտրություններում հաղթել է՝ հավաքելով 303 քվե՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն: Ռոմին 203 քվե է ստացել: Այսպիսով, Օբաման վերընտրվել է ԱՄՆ-ի նախագահ: