ԱՄՆ-ի վերընտրված նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել համակիրների առջեւ, նրա ելույթը հեռարձակել են արտասահմանյան շատ հեռուստաալիքներ: Ամբոխը խլացրել է Օբամայի առաջին խոսքերը՝ վանկարկելով «եւս չորս տարի»:
«Դուք եք ձեւավորում այս երկրի ոգին, ոգին, որը երկիրը բարձրացրեց խորքերից: Երկիր, որը մարմնավորում է յուրաքանչյուրի երազանքները: Մենք միասնական երկիր ենք», – ասել է Օբաման: «Սրտի խորքում մենք գիտենք, որ լավագույնն առջեւում է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր քվեարկողին: Հատկապես նրանց, ով դա արել է առաջին անգամ», - նշել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, գրում է gazeta.ru-ն:
Օբաման պատմել է նաեւ, որ Միթ Ռոմնիին եւ Փոլ Ռայանին շնորհավորել է կատարած աշխատանքի համար. «Ցանկանում եմ շնորհավորել իմ թիմին, մասնավորապես՝ ամերիկյան լավագույն փոխնախագահ Ջո Բայդենին», - հավելել է Օբաման:
Օբաման ելույթում առանձին հիշատակել է իր ընտանիքի անդամներին. «Միշել, ես երբեք քեզ այնպես չեմ սիրել, ինչպես հիմա: Հպարտանում եմ քեզնով, ամբողջ երկիրն է հպարտանում: Դուստրերս, դուք մեծացաք, մինչ ես նախագահ էի, դուք ձեր մոր նման ուժեղ եւ գեղեցիկ եք», – երախտիքի խոսքեր է ասել Բարաք Օբաման:
«ԱՄՆ-ի համար լավագույնն առջեւում է: Շնորհակալություն, Ամերիկա, Աստված օրհնի քեզ»,- ամփոփել է Օբաման:





























