Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում նոյեմբերի 7-ին, ժամը 11: 30-11: 40-ը կայացել է ԵԱՀԿ-ի դիտարկումը: Այն անցկացվել է Այգեպար  (Հայաստանի Տավուշի մարզ) – Այլիբեյլի (Ադրբեջանի Թովուզի շրջան) գյուղերի ուղղությամբ:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական  ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի  դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը եւ Խրիստո Խրիստովը: Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական  ներկայացուցչի գրասենյակի համակարգող Փիթեր Քին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական  ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն:

650 մ հեռավորությունից տեսողական կապ է հաստատվել: Դիտարկումն առանց միջադեպերի է անցել:

Ինչպես հաղորդվել էր նախկինում, տարեսկզբից Ադրբեջանն ավելի քան 14 հազար 830 անգամ խախտել է հրադադարը: Ադրբեջանական կողմի հրաձգությունից հայ 12 զինծառայողներ են զոհվել, 23 մարդ վիրավորվել է, երեքը՝ քաղաքացիական անձինք: