Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու դառնալու իրավունք ընդհանրապես չունի, որովհետեւ մինչեւ այդ «Հանրապետություն», «Ազատ-դեմոկրատներ» կուսակցությունների, Կարապետ Ռուբինյանի, քաղաքապետի ընտրություների հետ կապված խնդիրը պետք է լուծի, նոր մտածի այդ մասին: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` արձագանքելով Լեւոն Զուրաբյանի այն արտահայտությանը, թե Րաֆֆին նախքան միասնական թեկնածուի հավակնությունները իր ներսի հարցերը թող լուծի:

«Եթե Լեւոն Զուրաբյանի ասածները գործածենք ՀԱԿ-ի վերաբերյալ, ապա այսպես է ստացվում»,- նշեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահը: Արմեն Մարտիրոսյանի խոսքով, իրենք խմբակցության, այլ ոչ թե կուսակցության ներսում են խնդիրներ ունեցել: «ՀԱԿ-ը, այլեւս այն ՀԱԿ-ը չէ, որը կար` կուսակցություններ, հոսանքներ են հեռացել: Ժամանակին, երբ ժառանգությունից մի քանի անդամներ հեռացան, ՀԱԿ-ից ասում էին, թե «Ժառանգությունը» այլեւս չկա: Հիմա այս հարցը կարող եք իրենց տալ, թե այս դեպքում ի՞նչը չկա»,- նշեց Մարտիրոսյանը: